«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Արվեստանոց» նախագիծը, «Մեկ կադր, մեկ հայացք» ուսումնական, այլընտրանքային կինո-ֆոտո փառատոնի շրջանակներում, հունիսի 15-ին, ժամը 15:00-ին Մայր դպրոցի «Մարմարյա» սրահում, պատիվ ունի հրավիրելու բոլորին ներկա գտնվելու հայ իրականության մեջ Արցախյան ազատամարտին նվիրված, ռեժիսոր՝ Ջիվան Ավետիսյանի եզակի, մնայուն և բարձրարժեք «Թևանիկ» ֆիլմի ցուցադրությանը:
Ֆիլմն արդեն հասցրել է բազում հեղինակավոր կինոփառատոններում նվաճել բարձր հորիզոնականներ: Տեղեկացնում ենք նաև, որ դիտմանը ներկա կլինի ռեժիսորը՝ Ջիվան Ավետիսյանը և դիտելուց հետո կարող եք հարց և պատասխանի միջոցով բավարարել ձեր գեղագիտական մտքում ծագած հարցերը:
Ֆիլմը պատմում է Արցախյան մի գյուղի ու մարդկանց մասին, որոնց տուն է մտնում պատերազմը: Երեք տարբեր մարդկանց մեկ օրը ներկայացվում է ընդամենը 81 րոպեում: Ֆիլմը բաղկացած է երեք մասից: Առաջինում ներկայացված է ներդաշնակ ընտանիք, որը ստիպված է բաժանվել պատերազմի պատճառով: Երկրորդ մասում Աստղիկի կերպարի միջոցով ֆիլմ է ներթափանցում կանացի երանգը: Մեկ քայլ` մեկ օրում. խաղաղությունից` պատերազմ, որի ընթացքում Աստղիկը կորցնում է հարազատներին, իր սերն ու իդեալը: Ֆիլմի երրորդ հատվածը նվիրված է 14-ամյա Թևանիկին, ով մասնակից է դառնում պատերազմական գործողությունների: Պատերազմի ժամանակ գեղեցիկի վրա ձեռք բարձրացնելու նրա անկարողության հետևանքով վայրկյանները որոշիչ են դառնում:
Ձեր մասնակցությամբ Դուք շնորհակալություն եք հայտնում ֆիլմի ողջ ստեղծագործական անձնակազմին կատարած կարևոր ու մնայուն գործի համար:
Հրավիրում ենք բոլոր ցանկացողներին, մուտքն ազատ է։
Տարիքային սահմանափակում՝ 12+

Комментариев нет:
Отправить комментарий